Ա. Պապայանի պիեսներում մեծ տեղ ունի նաև խոսքի պատկերավորման միջոցներից մեկը՝ անձնավորումը: Թատերագիրը վարպետորեն է օգտվել խոսքի պատկերավորման այդ միջոցից: Նրա պիեսներում հատկապես հաջողված են փոխաբերական պատկերները:
Անձնավորումը պատկերավորման այն միջոցն է, երբ անշունչ առարկան, իրերը, երևույթները, կենդանիներն անձնավորվում են, նրանց վերագրվում են մարդկային հատկանիշներ, որոնք նրանք իրականում չունեն: Անձնավորումն արտահայտվում է իբրև փոխաբերության մի տեսակ: Անձնավորումը լայնորեն կիրառվել է ժողովրդական բանահյուսության մեջ: Այն շարադրանքի հուզական հագեցվածությունն ուժեղացնելու միջոց է:
Թատերագիրն անձնավորելով անշունչ առարկաները, կենդանիներն ու բույսերը, նրանց վերագրում է մարդկային հատկանիշեր և դրանով մարդուն վերաբերող իր ասելիքն ասում է նրանց միջոցով: Բերենք բնագրային օրինակներ.
Գոհար. Ասում են, թե այլևս չես վերադառնա, իսկ խնձորենին շշնջում է՝ կգա, կգա… (ՄՀ, 23):
Խնձորենին շշնջում է կապակցության մեջ խնձորենուն վերագրվել է մարդուն հատուկ գործողություն. շշնջալ կարող է միայն մարդը: Այս կապակցության մեջ միաժամանակ կա նաև փոխաբերական իմաստ: Այսպես՝ խնձորենին շշնջում է կապակցության մեջ շշնջալ բառը, որի ուղղակի իմաստով արտահայտվող գործողությունը հատուկ է մարդուն, գործածվել է խնձորենու վերաբերությամբ և ստացել սվսվալ բառի իմաստը, այսինքն՝ խնձորենին սվսվում է:
Բերենք այլ բնագրային օրինակներ.
Պոետ. Գինին ոգևորում է, ստելը՝ զգաստացնում (ՀՀՆԾ, 247):
Սեդա. Փողերը թռչում են, իսկ պլանները՝ տապալվում (ՀՀՆԾ, 222):
Պոետ. Իմ օրգանիզմը հոգնեց սպասելուց (ՀՀՆԾ, 200):
Անուշ. Մարդիկ գրքից խելք են քաղում, իսկ գիրքը քո խելքն է հնձում (ԵՎ, 76):
Մասիս. Օ՛, իմ պապենական երկիր, իմ օրրան…(ԵՎ, 91):
Երկիր գոյականն այստեղ գործածված է որպես կոչական և դիմելով պապենական երկրին, Մասիսն ակնարկում է պայծառ ներկան:
Այժմ բերենք բնագրային օրինակներ, որտեղ անձնավորված են ոչ թե թանձրացական, այլ վերացական գոյականները:
Արարատ. Համբերությունը շալակենք ու սպասենք (ԵՎ, 122):
Պոետ. Մեզ ճակատագիրը հետապնդում է (ՀՀՆԾ, 246):
Պոետ. Ախ այդ խանդը: Ինչպես է այն ձեզ պառավեցնում, կանայք (ՀՀՆԾ, 246):
Մինաս. Երկրաշարժը տեղափոխվեց Կտրիճի բազան (ՀՀՆԾ, 244):
Ջանիկ. Դուք գիտե՞ք, արդյոք, որ ձեր այդ լռությունը տասնյակ հազարներից է զրկել գործարանին (ԽՊ, 13):
Թանձրացական և վերացական գոյականները երբեմն գործածվում են որպես կոչականներ: Բերենք օրինակներ.
Սամսոն. Օ՛, հավերժական երանություն, մեր հոգու աչքերով ենք տեսած քեզի (ԵՎ, 117):
Դիմելով հավերժական երանությանը՝ Սամսոնն ակնարկում է հայ ժողովրդի տխուր անցյալը:
Սաթենիկ. Խեղճ ծաղիկներ, ձեզ խնամող սիրահարը ինչ էր մտածում և ինչ դուրս եկավ (ԵՎ, 82):
Չափազանցությունը խոսքի պատկերավորման միջոցներից մեկն է, որի դեպքում առարկան, երևույթը, նրանց հատկանիշները ներկայացվում են չափազանց մեծացված ձևով: Այն պատկերավորման հնագույն միջոց է և գալիս է ժողովրդական բանահյուսությունից:
«Չափազանցությունը ոճական հնարանք է, արտահայտչական միջոց, որի դեպքում խոսքի պատկերավորության նպատակով որևէ առարկայի կամ երևույթի հատկանիշները ներկայացվում են միտումնավոր մեծացված ու չափազանցված եղանակով, դրանով իսկ ավելի ազդեցիկ է դառնում խոսքի տպավորությունն ունկնդրի պատկերացումների ու տպավորության վրա» [9, էջ 355]:
Չափազանցության միջոցով Ա. Պապայանը ամենից առաջ ուշադրությունը բևեռում է նկարագրվող երևույթի, հերոսի բնավորության այս կամ այն կողմի վրա՝ ելնելով նրա կարողությունից ու կարևորությունից: Բերենք բնագրային օրինակներ.
Կտրիճ. Ես Կտրիճն եմ, քարը սեղմեմ, ջուր կհանեմ (ՀՀՆծ, 202):
Սոֆիկ. Նրա ոտներ են ծանրացել, ստամոքսը, փառք աստծո, ջրաղացի քար՝ ինչ լցնես, կաղա (ԳՄԱԱ, 525):
Պատվական. Մեկ էլ տեսար այնպիսի մի փոթորիկ բարձրացրեց գլխիդ, որ եկած ճամփեդ մոռանում էիր…(ՄՀ, 9):
Հմայակ. Մեռած էլ լինեմ, կգամ (ՀՀՆԾ, 212):
Թագուհի. Էն ես գինամ, թե էս հինգ օր էն աղջիկ ինր Քրիստոսի չարչարանք քաշեց (ՀՀՆԾ, 227):
Ստեփան. Երկրաշարժ, ան ալ յոթ բալանոց: Հայրդ ամեն ինչ իմացել է (ԱՓ, 480):
Արմենակ. Իսկապես երկրաշարժ: Քարը քարին չի թողնի: Հիմա իր պարավոզը նստած ուղիղ կքշի զոքանչիս տան վրա (ԱՓ, 481):
Չափազանցությունը հեղինակի վերաբերմունքի արտահայտման միջոց է: Չափազանցությունները հատկապես շատ են ժողովրդական արտահայտություններում, դարձվածքներում, ասացվածքներում: Բերենք բնագրային օրինակներ.
Անուշ. Հա, հազար տարի էլ որ բղավեք, փրփրեք, թեկուզ թոռնիկս սիրած էլ չունենա, քեզ նման հայրենիքն ուրացողին աղջիկ տվող չկա (ԵՎ, 104):
Արմեն. Հարյուր անգամ այո (ԵՎ, 96):
Պատվական. Գիտեմ, լսել եմ, ոչ թե մեկ, այլ հազար անգամ (ՄՀ, 10):
Սիրանուշ. Եթե հազար կյանք ունենամ, հազարն էլ քեզ կզոհաբերեմ (ԵՎ, 88):
Հովհաննես. Սպասող աղջիկը վազում ու գրկում է մի թևը կորցրած իր սիրածին և իր վառ սիրով կտրիճին հազար թև է պարգևում (ՄՀ, 45):
Տարոն. Հա, իհարկե, հարյուր անգամ են ասել, խնդրել… Վախենում էի, նեղություն չտամ, բեռ չդառնամ (ԳՄԱՍ, 518):
Սոֆիկ. Չէ, ես չկամ, տեղովդ մի տոննա ես (ԳՄԱՍ, 526):
Այսպիսով, չափազանցությունների միջոցով խոսքը դառնում է պատկերավոր և պարզ:
Չափազանցության հակառակ երևույթն է նվազաբերությունը, այսինքն՝ փոքրացումը:
Ի տարբերություն չափազանցության, որի դեպքում առարկան, երևույթը, նրանց հատկանիշները, կարողությունները ներկայացվում են չափազանց մեծացված ձևով, նվազաբերության դեպքում առարկան, երևույթը շատ են փոքրացվում: Նվազաբերությունը բացասական վերաբերմունքի արտահայտման և ասածի մեջ մեղմություն մտցներու միջոց է: Բերենք բնագրային օրինակներ.
Սուրեն. Գրոշ չարժե նա, ով միայն իր վրա է հույս դնում (ՄՀ, 34):
Սոֆիկ. Դե ձենդ, «ինքս»: Մի գունդ միս դարձած փռվել ես, «ինքս» (ԳՄԱՍ, 520):
Դավիթ. Եթե մեր սերը քեզ համար գրոշ չարժե, ապա մեր համատեղ կյանքն այլևս անհամատեղելի է (ԳՄԱՍ, 560):
Սամվել. Ինձ համար գրոշի արժեք չունի այն մարդու կարծիքը, որ քամելեոնի պես գունափոխվում է (ԱԻՉԱԵԱՔԷ, 269):
Բերենք օրինակներ, որտեղ չափազանցությունն ու նվազաբերությունը հանդիպում են միասին:
Սամվել. Իսկ ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ մի մարդու, որը մի քանի ամիս առաջ այդ նույն մոդելը հողին էր հավասարեցնում, իսկ այժմ երկինք է բարձրացնում (ԱԻՉԱԵԱՔԷ, 269):
Վռամ. Եղբայրդ մի կտոր խորովածի համար մի լիտր արցունք քամեց աչքերիցս (ՍԻՉԱԵԱՔԷ, 276):
Երբ պատկերավորման այս միջոցները՝ չափազանցությունն ու նվազաբերությունը հանդիպում են միասին, մեկի մեծացումը ենթադրում է մյուսի փոքրացում, և այս դեպքում ասելիքը դառնում է ավելի պատկերավոր:
Անուշ. Բայց ճիշտն ասած, եթե հայրն ու իր թեթևսոլիկ աղջիկը կոպեկ չարժեն, ապա տղան տեղովը գանձ է (ԵՎ, 114):
Շրջասույթի դեպքում առարկայի ուղղակի անվանումը փոխարինվում է նկարագրական արտահայտությամբ: Շրջասույթը փոխանունության մի տեսակն է: Բայց եթե փոխանունության դեպքում առարկայի անվան փոխարեն գործածվում է մի այլ բառ, հատկանիշի կամ մի այլ առարկայի անուն, ապա շրջասության դեպքում առարկայի, երևույթի անունը տալու փոխարեն նկարագրվում է այն, առարկայի անունը փոխարինվում է նկարագրական բնորոշմամբ և մի բառի փոխարեն գործածվում է մի ամբողջ կապակցություն կամ նախադասություն: Շրջասույթի հետևանքով առաջացած բառակապակցություններն ու նախադասությունները լայնորեն կիրառվում են գեղարվեստական խոսքում: Առաջին հայացքից շրջասույթը թվում է թերություն, քանի որ այն երկարացնում է ասելիքը: Սակայն տեղին գործածված շրջասույթի ոճական-արտահայտչական արժեքն այն է, որ առարկան կամ հատկանիշն անվանելով անուղղակիորեն, կապակցությամբ, նշվում է հանրահայտը, որը այլ մտածողության արտահայտություն է, բնութագրում և դառնում է խոսքի համառոտման միջոց: Շրջասույթն գործածվում է գիտական, գեղարվեստական, հրապարակախոսական և խոսակցական ոճերում: Բերենք բնագրային օրինակներ «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» պիեսից:
Մինաս. Ո՞վ է այս աղջիկը՝ ինքը, անմղությունը, անկեղծությունն ու ազնվությունը (ՀՀՆԾ, 248):
Պոետ. Ի՞նչ բան է կենդանին, այսինքն՝ մարդը – բիոլոգիական բջիջ, երկկորիզային արարած, թռիչքաձև որակափոխություն, այսինքն՝ մուտացիա և ինֆորմացիա (ՀՀՆԾ, 249):
Սեդա. … իսկ «բնության դափնին»՝ տղամարդը պարապ-սարապ քարշ է գալիս գյուղի փողոցներում կամ էլ քյաբաբխանայում, թվիստ է պարում (ՀՀՆԾ, 221):
Կտրիճ. Իսկ ո՞վ է Ցերբերը:
Բլբուլ. Հին հունական առասպելական այն շունը, այն կատաղի շունը, պահպանում է ստորերկրյա թագավորությունը (ՀՀՆԾ, 202):
Արտահայտչական միջոցներից են՝ կրկնությունը, աստիճանավորումը, հակադրությունը, բազմաշաղկապությունը, անշաղկապությունը, խոսքի ընդհատումն ու զեղչումը, զուգապատկությունը, հեգնանքը: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին առանձին:
«Կրկնությունը ոճական, շարահյուսական այնպիսի դարձույթ է, որի դեպքում բառերի կամ բառակապակցությունների կրկնությամբ խոսքին հաղորդում են հուզականություն, արտահայտչականություն» [9, էջ 363],– գրում է Լ. Եզեկյանը: Ոճական տարբեր նպատակներով կարող են կրկնվել նախադասության տարբեր միավորները, որոնցից յուրաքանչյուրը ցուցաբերում է ոճական առանձնահատուկ երանգավորում: Կրկնության ոճական արժանիքն այն է, որ նրա շնորհիվ խոսքին զանազան իմաստային նրբերանգներ է հաղորդվում:
Կրկնությունն ուժեղացնում է բառի արտահայտած իմաստը՝ մեծացնելով պատկերացումներն առարկաների ու երևույթների մասին և ընդարձակելով բառի կամ արտահայտության ընդգրկման սահմանները: Բերենք բնագրային օրինակներ.
Շավարշ. Հերիք չէ՞ ինձ ողջ-ողջ խորովես (ՄՀ, 12):
Շավարշ. Տես է, լիքը-լիքը գալիս եմ, դառն ու դատարկ գնում (ՄՀ, 12):
Գոհար. Նայում եմ շուրջս ու թվում է, որ ես գտնվում եմ մի մեծ, մեծ հարսանիքում (ՄՀ, 70):
Հովհաննես. Սուտ, ոտից գլուխ սուտ (ՄՀ, 68):
Իմաստի սաստկացում կատարվում է նաև այնպիսի բառերի կրկնությամբ, որոնց ուղղակի բառային իմաստները փոփոխական հատկանիշներ չեն արտահայտում կամ էլ հակված չեն փոփոխականության:Բերենք բնագրային օրինակներ.
Շմավոն. Պետք չէ, պետք չէ: Մենք արդեն մոռացել ենք, կատակ էր, անցավ (ԱԱՇԵ, 352):
Օտտո. Ինչպե՞ս… Ինչպե՞ս թե գնդակահարել (ՀՄՇ, 619):
Ինչպե՞ս…Ինչպե՞ս կրկնությունը արտահայտում է խոսողի ափսոսանքի մեծությունը:
Միևնույն բառի կրկնությունը հաճախ ծնում է նոր հասկացությունների ու հատկանիշների մեջբերման անհրաժեշտություն, որը հանգեցնում է թվարկման: Դա երևում է, երբ կրկնվում են չգործածվող բառերը (կապեր, որոշ դերանուններ): Կրկնությունը հանդես գալով թվարկման հետ, ուշադրությունը բևեռում է միևնույն առարկային կամ երևույթին և արտահայտում ուժեղ հուզականություն: Բերենք բնագրային օրինակներ.
Պատվական. Տես, ինչ բան է կյանքը՝ ով էր սիրում Գոհարին և ով պիտի վայելի (ՄՀ, 10):
Սուրեն. Եթե դուք այսօր այդպես հեշտությամբ կարող եք թողնել ձե՜ր ամուսնուն, ձե՜ր երեխաներին, ապա վաղն էլ նույն հեշտությամբ կթողնեք նաև ի՜նձ և իմ երեխաներին (ՄՀ, 48):
Սաքո. Ի՞նչ, ի՞նչ ես ասել… (ԽՊ, 142):
Լիլիկ. Մենք…Մենք ոչինչ չենք բերել (ԳՄԱՍ, 525):
Ոչ բառի կրկնությունը ուժեղացնում է ժխտման իմաստը: Ամեն անգամ կրկնվելով նոր բառի հետ՝ նա ժխտումը դարձնում է բազմակի: Բերենք բնագրային օրինակներ.
Սանասար. Մարդը առաջին անգամ ոտք է դնում մեր հողը, դեռ ո՜չ քաղաքն է տեսել, ո՜չ մարդկանց է հանդիպել (ԱՓ, 484):
Գևորգ. Մեկ վայրկյան անգամ չեմ թողնի, թեկուզ ձևական՝ ո՜չ անունը, ո՜չ հպատակությունը, ո՜չ էլ դասակարգը փոխի (ԱՓ, 487):
Խաթուն. Հերդ պիտի լիներ, որ ո՜չ աղջկան հարցներ, ո՜չ ել հորը (ՄՀ, 42):
Վահան. Ինչի՞ ես: Մեր մեծ եղբայրը, որ ժամանակին ամուսնանար, ո՜չ ես ախ կքաշեի, ո՜չ ել դու կհառաչեիր (ԱԱՇԵ, 319):
Առանձնահատուկ ոճական երանգավորում ունեն նաև գոյականներով կրկնությունները: Բերենք բնագրային օրինակներ.
Գևորգ. Կերևա, արյանդ մեջ հաշիվ կխաղա: Ձեզ նմանների համար կյանքը ամբողջ հաշիվ է՝ սիրելը՝ հաշվով, ամուսնանալը՝ հաշվով, բարեկամությունը՝ հաշվով (ԱՓ, 495):
Պատվական. Լավ, իսկ ջո՞ւր, ջուր որտեղից (ՄՀ, 7):
Տիգրան. Ներիր, Գոհար… Շնորհակալ եմ, որ սերդ բարձր ես պահել, սերդ քաղցր ես պահել, սերդ ինձ ես պահել (ՄՀ, 70):
Յուրահատուկ ոճական երանգավում ունեն նաև բայական կրկնությունները:
Սուրեն. Գտիր, գտիր, հանկարծ պակասորդ չտաս (ՄՀ, 4):
Սուրեն. Խմի՛ր, սիրելիս, խմի՛ր…
Ցոլակ. Մի հուզվիր, գառ ջան, մի հուզվիր… (ԽՊ, 147):
Վարդան. Հասկացա, հեր ջան, հասկացա, էլ գործ չունես (ԱԱՇԵ, 361):
Վարդան. Դա ռումբի պես կպայթի կպայթի… Դա ռումբի պես կպայթի…կպայթի… (ԱԱՇԵ, 361):
Աստիճանավորումը (գրադացիա) նույնպես տեղ է գտել Ա. Պապայանի պիեսներում: Նա կարողացել է հմտորեն օգտվել արտահայտչական այդ միջոցից:
Աստիճանավորման դեպքում իրար են հաջորդում իմաստով մերձավոր բառեր՝ համանիշներ, իմաստի աստիճանական ուժեղացմամբ՝ փոքրից գնալով մեծը, թույլից՝ ուժեղը: Կրկնության դեպքում հուզականությունն ու արտահայտչությունն արտահայտվում են միևնույն բառերի, բառակապակցությունների կրկնությամբ, իսկ աստիճանավորման դեպքում ոչ թե բառերն են կրկնվում, այլ տարբեր բառերի միջոցով արտահայտվող մերձավոր իմաստները:
«Աստիճանավորումը,– գրում է Լ. Եզեկյանը,– ոճական հնարանք է, շարահյուսական դարձույթ, որի դեպքում բառերի հաջորդական դասավորությամբ ընդգծվում է նկարագրվող առարկայի կամ երևույթի աստիճանական զարգացումը, սաստկացումը, որը գնալով ուժեղացնում է տվյալ արտահայտության, խոսքի իմաստը» [9, էջ 365]:
Աստիճանավորումը լինում է բարձրացող և իջնող: «Բարձրացող է, երբ յուրաքանչյուր հաջորդող արտահայտություն կամ դարձվածք ավելի հագեցած է իմաստով, ավել ուժգին ու արտահայտիչ է, քան նախորդը, բառերի դասավորում իմաստի, արտահայտչության և հնչերանգի ուժեղացման կարգով» [10, էջ 17]:
Բերենք բնագրային օրինակ.
Սամսոն. Հրի ու սրի միջով ենք անցել, ծաղր ու ծանակ շալակած, երկրեերկիր թափառել, սոված ու հոգնած, անտուն, ցրտի ու բքի մեջ ենք լուսացրել, բայց տե՜ս, կա՜նք, չջնջվեցանք (ԵՎ, 116):
Այստեղ ընդգծված բառերի առնչությունը նրանց բառիմաստի մեջ չէ, այլ ծավալայնության ընդհանուր հատկանիշի մեջ է: Բարձրացող աստիճանավորման դեպքում յուրաքանչյուր հաջորդ բառ նախորդին գերազանցում է իր պարունակած հասկացության ծավալի մեծությամբ, իսկ իջնող աստիճանավորման դեպքում՝ ընդհակառակը:
Ա. Պապայանի պիեսներում կան հակադրությունների բազմաթիվ կիրառություններ, որոնք նա օգտագործել է տեղին և ժամանակին:
Հակադրության դեպքում իրար մոտ հանդես են գալիս հակադիր իմաստ ունեցող բառեր և արտահայտություններ: «Հակադրությունը ոճական, շարահյուսական այնպիսի դարձույթ է, որի դեպքում միևնույն խոսքաշարում գործ են ածվում իրար հակադիր նշանակություն ունեցող (հիմնականում՝ հականիշներ)՝ դրանով իսկ ավելի ընդգծելով արտահայտված մտքի իմաստը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հակադրվող բառերի վրա» [9, էջ 369],– գրում է Լ. Եզեկյանը:
Հականիշները բառային զույգեր են, որոնք իրարից տարբերվում են արտասանությամբ, իմաստով իրար հակառակ են։
Հականիշների յուրաքանչյուր զույգ պատկանում է միևնույն խոսքի մասին: Իբրև ոճական հնարանք, հականիշները գործածական են հակադրություններում (անտիթեզներում), որոնք սովորական հակադրությունից տարբերվում են իրենց արտահայտչականությամբ, խիստ հակադրությամբ և հստակ ռիթմով:
Հակադրությունը գործածական է գեղարվեստական խոսքում՝ հատկապես ժողովրդական բանահյուսության մեջ՝ առածներում և ասացվածքներում: Այն ուժեղացնում է հակադրվող երևույթների, առարկաների և հատկությունների ընկալումը:
Բերենք բնագրային օրինակներ.
Սողոմոն. Ուրախության ժամանակ հարևանն է առաջինը ծափ տալիս, տխրության ժամանակ էլի հարևանն է առաջինը ահազանգում (ԽՊ, 180):
Սիրանուշ. Եվ ամենակարևորը, միշտ չէ, որ հանցավորին պատժում են, երբեմն էլ ներում են շնորհում (ԽՊ, 169):
Գոհար. Որքան լավ տրակտորիստ ես, այնքան վատ պոետ ես (ՄՀ, 63): Պրոֆեսոր. Այո, այո… Մեկը գեղեցկացնում է կյանքը, մյուսն՝ այլանդակում (ԳՄԱԱ, 546):
Ա. Պապայանը հակադրություններ է կազմում ոչ միայն իրար հականիշ բառերի միջոցով, այլև չ ժխտական մասնիկի միջոցով:
Սոֆիկ. Հիմա կարծում եմ, ուզեն-չուզեն պիտի քեզ տանեն (ԳՄԱԱ, 553): Կտրիճ. Կա-չկա էն անաստվածը հենց առաջին դրբից մեծ թիքա է ուզում (ՀՀՆԾ, 194):
Հովհաննես. Հին խոսք է՝ աշխատողին բախտն է ժպտում, չաշխատողի տունն է փլչում (ՄՀ, 17):
Կտրիճ. Ինչպես ասում են՝ ստուգված սատանան ավելի լավ է, քան չստուգված հրեշտակը (ՀՀՆԾ, 24):