Շարահյուսական կապակցության կարևոր միջոցներից է հնչերանգը, որը հանդես է գալիս որպես նախադասության ընդհանուր մտքի, նախադասության ձևավորման, նախադասությունների և բառերի հարաբերությունների արտահայտման միջոցներից մեկը: Հնչերանգը նախադասության ամբողջ ելևէջումն է՝ ձայնի բարձրացումն ու իջեցումը, հարցն ու բացականչությունը, թուլացումն ու դադարը, շեշտերը և այլն: Հնչերանգը միմյանց է միացնում և միմյանցից բաժանում նախադասություն կազմող բառերը՝ ստեղծելով ինքնուրույն և ավարտուն կառույց: Հնչերանգը դառնում է նաև ստորոգման արտահայտման միջոց, եթե նախադասության մեջ բացակայում է դիմավոր բայը:
Հնչերանգի հետ սերտորեն առնչվում է տրամաբանական շեշտը, որը «փաստորեն նախադասության հնչերանգի ամենաբարձր տոնն է. Այն ունկնդրի ուշադրությունը բևեռում է խոսքի առանցքի՝ միջուկի, մտքի կենտրոնի վրա: Խոսքում հնչերանգն ու տրամաբանական շեշտը հանդես են գալիս միասնաբար, և ձևավորվում են թե՜ երկկազմ և թե՜ միակազմ նախադասություններ»[14, էջ 25]:
Նախադասության ամեն մի անդամ կարող է հանդես գալ որպես խոսքի առանցք, իր վրա կրել տրամաբանական շեշտ և արտասանվել ուժգնությամբ: Հնչերանգը դրվելով նախադասության տարբեր անդամների վրա՝ արտահայտում է հաստատում, ժխտում, հրաման, խնդրանք, հարցում, կարգադրություն, հեգնանք, արհամարհանք և այլն: Հնչերանգի միջոցով է որոշվում նաև նախադասությունների հնչերանգային բնույթը՝ պատմողական, հարցական, բացականչական և հրամայական:
Պատմողական նախադասություններն արտահայտում են մտքի հաղորդում սովորական, չեզոք եղանակով, առանց որևէ հնչերանգի և ձևավորվում են սահմանական, պայմանական, երբեմն նաև ըղձական և հարկադրական եղանակների բայաձևերով: Պատմողական նախադասությունները կյանքի երևույթները, իրականությունը նկարագրելու, պատմելու, հաղորդելու սովորական ձև են, արտասանվում են չեզոք, համոզիչ առոգանությամբ և չեն պահանջում առոգանության որևէ նշան: Սակայն դա չի նշանակում, թե պատմողական նախադասությունն արտասանվում է առանց որևէ վերաբերմունքի: Միևնույն նախադասությունը կարելի է արտասանել և՛ զարմանքով, և՛ հացմունքով, և՛ սարսափով, և՛ արհամարհանքով:
Խոսքի հուզական այդպիսի երանգավորումը, սակայն, հատուկ է բանավոր խոսքին, իսկ գրավոր խոսքի մեջ պատմողական նախադասությունը ներկայանում է որպես չեզոք արձանագրում:
Պատմողական նախադասությունները կիրառվում են հատկապես պիեսներում, որոնց միջոցով պիեսի հեղինակը նկարագրում է բեմի կահավորանքը, գործող անձանց հագուստը, արտաքինը: Բերենք մի քանի բնագրային օրինակներ.
«Արմենն ու Գեղուհին սկսում են պարել: Նրանց միանում են մնացածները:
Բոլորը աղաղակով սկսում են պարել: Պարի եռուն պահին ճաշասենյակից դուրս է գալիս Անուշը և զարմացած նայում թվիստ պարող աղջիկների հետույքին ու շարժումներին» (ԵՎ, 113):
«Ճաշակով կահավորված սենյակ. Հակոբ Նշանիչը հայելու մոտ կանգնած փողկապն է կապում: Նինան, որ գտնվում է նրա կողքին, հարդարում է մազերը» (ՀՀՆԾ, 216):
«Սևանա լճի ափին: Խորքում նավակայան, ուր երևում է բեռնանավի ետևի մասը: Նավամատույցի վրա հակեր, դատարկ տակառներ և այլ բեռներ: Դեպի աջ՝ ջարդված պատուհանով տնակ: Մի փոքր այս կողմ՝ կախված են ուռկաններ: Առավոտ է: Հեռվում երևում է կղզին: Նավամատույցից իջնում են Տիգրանն ու Նազիկը» (ՄՀ, 32):
Ինչպես երևում է օրինակներից, հեղինակը սովորական, չեզոք ոճով, առանց որևէ հնչերանգի պատմում է սովորական իրողությունների մասին:
Հարցական նախադասությունները ցույց են տալիս որևէ հարցում որևէ առարկայի, երևույթի, եղելության մասին և արտահայտվում են բայի բոլոր եղանակներով, բացի հրամայականից:
Հարցական նախադասության մեջ հարցում արտահայտող բառի վրա դրվում է հարցական նշան. այդ բառն արտասանվում է հատուկ հարցական առոգանությամբ: Հարցական նախադասության բնորոշ հատկանիշը հարցական հնչերանգն է: Նախադասության մեջ հարցումն ընկնում է այն բառի վրա, որը կրում է տրամաբանական շեշտ: Այդ պատճառով հարցման հնչերանգի տեղը կարող է փոխվել՝ կապված նախադասության տրամաբանական շեշտի տեղափոխության հետ:
Հարցական նախադասությունները նույնպես լայնորեն կիրառվում են պիեսներում, որտեղ դերակատարներն իրար հետ ավելի հաճախ հաղորդակցվում են հարց ու պատասխանի միջոցով: Հնչերանգն օգտագործվում է արտահայտելու համար զարմանք, հեգնանք, երկընտրանք, խորհուրդ, խնդրանք, հարկադրանք և այլն:
Ա. Պապայանի պիեսներում բավականին շատ են հարցական նախադասություննեը: Բերենք մի քանի բնագրային օրինակներ.
Հակոբ. Ո՞ւր ես, Մինաս Անուշիչ, մեռանք սպասելով:
Մինաս. Ի՞նչ իմանայի պետիս ծնունդն է, ցավդ տանեմ:
Հակոբ. Ձեր տիկի՞նն է: Ծանոթանանք (ՀՀՆԾ, 226):
Հարցական նախադասություններն օգտագործվում են իրենց բոլոր տարատեսակներով՝ հավաստիական, հորդորական, ճարտասանական:
Հատկապես առանձնանում են ճարտասանական հարցական նախադասությունները, որոնք հաճախ են հանդիպում հերոսների մենախոսություններում, քանի որ դրանք լավագույն միջոց են ներքին մտատանջություններն ու հոգեկան խռովքն արտահայտելու համար: Բերենք բնագրային օրինակներ.
Ցոլակ. Այս ի՞նչ ծրար է: Ի՞նչ…Ի՞նչպես թե Ջանիկ…Ինչպե՞ս թե «երազանք իմ չքնաղ»…Ո՞վ է գրել (ԽՊ, 144-145):
Շավարշ. Հիմա ի՞չ անեմ..գուցե ուրիշի է սիրում: Բայց ո՞ւմ…Ո՞վ է այդ երջանիկը…Տիգրանը սպանվել է, էլ չկա…Էլ ո՞վ կա, որ ես չգիտեմ (ՄՀ, 13):
Ցոլակ. Ջանի՞կ…ո՞վ է այդ ողբացյալ Ջանիկ կոչեցյալը (ԽՊ, 144): .
Խոսքին հնչերանգի միջոցով իմաստային նոր երանգներ են հաղորդվում նաև ճարտասանական բացականչության միջոցով:
Ա. Պապայանն իր հերոսների խոսքի հուզականությունն ուժեղացնելու համար կիրառում է նաև կրկնություն: Կրկնության ոճական արժանիքն այն է, որ նրա շնորհիվ խոսքին զանազան իմաստային նրբերանգներ է հաղորդվում, և ուժեղանում է բառի արտահայտած իմաստը: Բերենք բնագրային օրինակներ.
Սաքո. Ի՞նչ, ի՞չ ես ասել… (ԽՊ, 142):
Մանուշակ. Ի՞նչ…Ի՞նչ գործ ունեմ ձեր տանը (ԱԱՇԷԵ, 330):
Ո՞ւր հարցական դերանունով արտահայտված բառ-նախադասությունները հաճախ գործածվում են իբրև արգելական: Բերենք բնագրային օրինակ.
Անուշ. Ո՞ւր, սպասիր (ԵՎ, 74):
Ա. Պապայանի ստեղծագործություններում ոչ պատմողական նախադասությունների մեջ բավական մեծ թիվ են կազմում հրամայական նախադասությունները: «Հրամայական նախադասություններն արտահայտում են խոսողի կամքը՝ հրաման, հորդոր, թելադրանք, պահանջ և ձևավորվում են հրամայական հնչերանգով, ուր հրաման արտահայտող բառն իր վրա է կրում նախադասության տրամաբանական շեշտը» [7, էջ 330], – գրում է Լ. Եզեկյանը: Հրամայական նախադասության մեջ շեշտը դրվում է հրամայական բառի վրա, բայց կարող է փոխանցվել նաև լրացումներից մեկի վրա, նայած թե ինչն է հարկավոր ընդգծել: Բերենք բնագրային օրինակներ.
Գոհար. Դե, Պատվական, դու էլ մտածիր, թե ինչո՞վ հյուրասիրես հյուրերիդ (ՄՀ, 11):
Գոհար. Գնա, հագնվիր, դու էլ ես քարավանի հետ գնում քաղաք (ՄՀ, 12):
Շավարշ. Արի՜, արի՜, մեր ջան, տես ո՞վ է եկել (ՄՀ, 70):
Տարոն. Մա՜րդ ծնվեք և մա՜րդ մեռեք (ԳՄԱՍ, 574):
Սանասար. Լռիր, չխոսե՜ս, քո դարն անցավ (ԱՓ, 471):
Ա. Պապայանը հրամայական նախադասություններ կազմելու համար հրամայական եղանակից բացի օգտագործում է այլ եղանակի բայեր: Բերենք բնագրային օրինակներ.
Գոհար. Որ փնտրենք՝ կգտնենք (ՄՀ, 7):
Գոհար. Որ փնտրենք՝ ջուր էլ կգտնենք (ՄՀ, 7):
Գոհար. Լիճը չէ, բայց ջրվեժը կտեղափոխենք (ՄՀ, 8):
Գոհար. Դե ուրեմն կդիմավորենք նրանց և հետո ճանապարհ կընկնենք (ՄՀ, 11):
Ա. Պապայանը հրամայական նախադասություններ է կազմում՝ օգտագործելով.
1. Անորոշ դերբայ.
Տիգրան. Լռե՜լ, անամոթ… (ՄՀ, 29):
2. Ածականներ.
Դավիթ. Իսկ այժմ զգաստ (ՀՄՇ, 594):
Դավիթ. Ազա՜տ (ՀՄՇ, 594):
Հրամայական եղանակի ժխտական ձևերը կազմվում են չ ժխտական մասնիկի օգնությամբ, որ դրվում է բայի խոնարհված ձևի վրա: Բերենք բնագրային օրինակներ.
Թաթոս. Չհամարձակվե՜ս (ՀՄՇ, 607):
Գրապ. Եթե չվերցնես, չի կորչի (ԽՊ, 128):
Հրամայական նախադասությունները կազմվում են նաև մի՜ մասնիկով, որը մի դեպքում կարող է արտահայտել արգելականի իմաստ, իսկ մեկ այլ դեպքում այն կարող է ունենալ մեղմական իմաստ և արտահայտել ցանկություն, խնդրանք:
Բերենք բնագրային օրինակներ, որոնք ունեն արգելականի իմաստ.
Օնիկ. Եվ առհասարակ, իմ խորհուրդը ձեզ՝ երբեք հանձն մի առեք այդպիսի տհաճ պարտականություններ (ԽՊ, 128):
Ցոլակ. Այո, այո, աչքերդ մի փայլեցրու (ԽՊ, 142):
Իսկ այժմ բերենք բնագրային օրինակներ, որոնք ունեն մեղմական իմաստ.
Սաքո. Լավ, մի ասա տեսնեմ, ի՞նչ է պատահել (ԽՊ, 137):
Եթե հրամայական նախադասությունը կազմվում է ոչ թե բայի հրամայական եղանակով, այլ հրաման արտահայտող մի ուրիշ բառով, այդ դեպքում օգտագործվում է ոչ մի արգելական մասնիկը: Բերենք բնագրային օրնակներ.
Սուրեն. Եվ ո՜չ մի բառ (ՄՀ, 53):
Սաքո. Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա, մինչև չիմանամ բանն ինչումն է (ԽՊ, 138):
Բացականչական նախադասությունները սովորաբար հուզական, զգացմունքային երանգ ունեն, ցույց են տալիս ցանկություն, կոչ, հրաման, և բնորոշվում են բացականչական հնչերանգով:
Բացականչական նախադասություններն արտահայտում են հիացմունք, ողջույն, ցանկություն, բարեմաղթանք, ափսոսանք, հանդիմանություն, զարմանք և այլն:
Բացականչական նախադասություններով նույնպես հարուստ են Ա. Պապայանի պիեսները: Բերենք մի քանի բնագրային օրինակ.
Պատվական. Ափսո՛ս, որ Տիգրանը սպանվեց, պետք է կենդանի լիներ, որպեսզի տեսներ իր ագրոնոմ հարսնացուն ինչ հրաշքներ է գործում (ՄՀ, 9):
Խաթուն. Վա՛յ, ազիզ ջան, ինչեր ես ասում: Մի տես թե ի՛նչ հարսանիք եմ սարքելու (ՄՀ, 10):
Նշված կարգի բացականչական նախադասություններում ստորոգումը հիմնականում արտահայտվում է ըղձական եղանակիբայաձևերով, ինչպես նաև բայի մյուս եղանակներով՝ համապատասխան հնչերանգի միջոցով:
Բացականչական նախադասության մեջ զգացմունքով, հույզով արտասանվող բառի վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ:
Ոճական-արտահայտչական արժեք ունի բացականչական հնչերանգը: Հաճախ բացականչումով են արտասանվում գոյականը, բայը, դերանունը, ածականը, որոնք արտահայտում են առարկաների կամ հատկանիշի սաստկություն, շատություն, գործողության տևականություն, շարունակականություն: Բերենք բնագրային օրինակներ.
Խաթուն. Հա՛, հա՜, հասիցս գանգատ չունեմ: Ե՜վ խելոք է, և՜ հարուստ…հինգ հարյուր աշխօ՛ր… (ՄՀ, 10):
Սաքո. Աշխա՛րհ, աշխա՛րհ…(ԽՊ, 151):
Տաճատ. Ծնվե՛ց, ծնվե՛ց…Վրջապես ես էլ հոր կոչում ստացա (ԵՎ, 122):
Գրապ. Ո՞վ, Ջանի՞կը: Շա՛տ…Հենց քիչ առաջ այստեղ էր (ԽՊ, 171):
Բացականչական նախադասությունները ձևավորվում են նաև ձայնարկություններով, հարցա-հարաբերական դերանուններով: Բերենք բնագրային օրինակներ.
Տաճատ. Վա՛յ, չեմ կարող (ԵՎ, 122):
Նազիկ. Օ՛, ոչ, շուտով ինքներդ կհամոզվեք դրանում (ՄՀ, 22):
Շմավոն. Պահո՛…Ի՞նչ ենք անելու (ԱԱՇԷԵ, 350):
Ցոլակ. ...Երանի ինձ…ջա՛ն, կնիկ ջան, կեցցե՛ս, զորանաս (ԽՊ, 145):
Սույն ենթագլխում քննվում է կոչականի ոճական արժեքը Արամաշոտ Պապայանի պիեսներում։
Ի տարբերություն արձակ և չափածո ստեղծագործությունների, որտեղ կոչականները հազվադեպ կիրառություն ունեն, պիեսներում դրանք մեծ գործածություն ունեն, քանի որ գործող անձինք իրար հետ հաղորդակցվում են երկխոսությունների միջոցով, իսկ կոչականը երկխոսության գլխավոր անդամն է: Կոչականները նախադասության անդամ չեն և ցույց են տալիս, թե ո՛ւմ է ուղղված խոսքը, ո՛ւմ է դիմում խոսողը:
Հայերենի ակադեմիական քերականության մեջ նշվում է, որ նախադասության կազմի մեջ չեն մտնում, հետևաբար և նախադասության անդամ չեն կոչականները, որոնք ցույց են տալիս , թե ո՛ւմ է ուղղված խոսքը [2, էջ 294]:
Այս տեսակետը պատճառաբանվում է նրանով, որ կոչականը քերականորեն կապված չէ նախադասության ոչ մի անդամի հետ և նախադասության կազմից դուրս է մնում:
Կոչականը նախադասության անդամ չի համարում նաև հայ անվանի լեզվաբան Մանուկ Աբեղյանը: Այդ մասին նա գրում է. «Կոչական անունը, երբ բայը երկրորդ դեմքով է, բացահայտիչ է ենթակայի, արտահայտված լինի ենթական դերանունով, թե ոչ» [1, էջ 410]:
Եվ դա իսկապես այդպես է, քանի որ կոչականը հիմնականում ունի երկրորդ դեմք: Նախադասության ենթական նույնպես երկրորդ դեմքի է, և կոչականը հանդես է գալիս որպես նրա բացահայտիչ, որպես գոյականով արտահայտված անուն և թվով համաձայնում է նրան, իսկ նրա միջոցով նաև ստորոգյալին: Նախադասության ենթական կարող է նաև դերանվամբ արտահայտված չլինել, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ ենթակայի գաղափարը ստորոգյալի մեջ արդեն արտահայտված է:
Հայերենում կոչականներն ունեն ազատ շարադասություն և կարող են լինել նախադաս, միջադաս և նույնիսկ վերջադաս: Բերենք բնագրային օրինակներ.
Հակոբ. – Նինա, ես ինչ-որ չեմ հիշում. Ե՞րբ է իմ ծննդյան օրը (ՀՀՆԾ, էջ 248):
Սողոմոն. – Հանգիստ, Շուշո ջան, հանգիստ, քանի Սողոմոնը կենդանի է, դու էդ խայտառակությունը չես տեսնի (ԽՊ, էջ 179):
Պոետ. – Ո՞ւր եմ ես եկել, Մարգո (ՀՀՆԾ, էջ 248):
Սակայն կոչականի՝ նախադաս, միջադաս կամ վերջադաս լինելու դեպքում հնչերանգային և ներգործուն ազդեցությունը նույնը չէ: Ավելի բարձր հնչերանգ և ներգործուն ուժ ունեն նախադասության սկզբում դրված կոչականները: Նախադասության սկզբում դրվող կոչականները ուժեղ շեշետված լինելու պատճառով համեմատաբար ավելի են անջատելի, նրանց և մյուս բառերի միջև եղած դադարը ավելի մեծ է լինում:
Հայերենում հաճախ կոչականները դրվում են անձնական դերանվան եզակի կամ հոգնակի թվի երկրորդ դեմքից հետո, երբեմն էլ առաջ՝ բացահայտելով այդ դերանունների իմաստը:
Կոչականը նախադասության սկզբում է դրվում, երբ դրա միջոցով խոսողն արտահայտում է հանդիմանություն, զայրույթ, սպառնալիք, մտերմություն, խնդրանք և այլն: Բերենք բնագրային օրինակներ.
Օհան. – Ընկեր Մարգար, դուք անուն հանած, անվանի, վաստակավոր շինարարար, շքանշանակիր մարդ եք (ԱԱՇԷԵ, էջ 322):
Հակոբ. - Եվ դուք, քեռորդիներ, խնդրում եմ մասնակցել մեր քեֆին (ՀՀՆԾ, էջ 244):
Ինչպես իրավացիորեն նկատում է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, այսպիսի կոչականները սովորաբար սկսվում են որևէ ձայնարկությամբ, որն ավելի է սրում խոսքի հուզաարտահայտչական երանգը [3, էջ 428]:
Բերենք բնագրային օրինակներ.
Վահրամ. – Վայ, տիկին Ժորժետա, արևս մեռնի, եթե մի կես սանտիմ էլ կա (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 261):
Նարգիզ. – Ա՛, Վռամ Վռամիչ, համեցեք (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 254):
Բլբուլ. – Է, Սոխակ քեռի…Էսքան հե՞շտ… (ՀՀՆԾ, էջ 201):
Պատվական. – Վա՛յ, Սուրեն ջան, շնորհակալ եմ, բայց խնդրում եմ այս պատմության մասին ոչ ոքի ոչ մի խոսք (ՄՀ, էջ 5):
Երբ կոչականը կորցնում է գործնական նշանակությունը, այդ դեպքում այն շարադասվում է նախադասության սկզբում կամ վերջում: Բերենք բնագրային օրինակներ, երբ կոչականը նախադասության մեջտեղում է.
Սողոմոն. – Ես պատճառ լինել չեմ ուզում, հարս ջան, թե կարող ես, ներիր այդ խանդից պատուհասին…(ԽՊ, էջ 190):
Մեսրոպ. – Խորհուրդ եմ տալիս, Կարմեն, պատվիրիր թաղման քայլերգ և ձայնագրիր քո մագնիտոֆոնի վրա (ՀՀՆԾ, էջ 251):
Մինաս. – Մտրակեք մեզ, Հակոբ Նշանիչ, կացնեք, միայն ոչ մինչև վերջ (ՀՀՆԾ, էջ 248):
Բերենք բնագրային օրինակներ, երբ կոչականը նախադասության վերջում է.
Հակոբ. – Բոլորովին գլուխդ մի կախիր, Սեդա… (ՀՀՆԾ, էջ 247):
Կարմեն. – Վայ գլուխդ չմեռնի, Մըկտրիճ (ՀՀՆԾ, էջ 240):
Սողոմոն. – Նստիր, նստիր, Շուշո ջան (ԽՊ, էջ 178):
Ողջույնի, հրաժեշտի, բարեմաղթությունների դեպքում կոչականները սովորաբար նախադասության վերջում են դրվում, իսկ երբեմն էլ՝ մեջտեղում: Բերենք բնագրային օրինակներ.
Մինաս. Վայ, ցավդ տանեմ, Հակոբ Նշանիչ, հազար առողջություն քեզ (ՀՀՆԾ, էջ 235):
Մեսրոպ. Բարև, Թագուն մայրիկ:
Թագուհի. Բարև արևիդ, Մեսրոպ ջան (ՀՀՆԾ, էջ 192):
Ոճական առանձին արժեք ունեն կոչական անվանական նախադասությունները, որոնք գործածական են երկխոսությունների ժամանակ, երբ դիմացինը հոգեպես լարված և հուզված լսում է խոսակցին, բայց չի կարող նրան լիարժեք պատասխան տալ և վերաբերմունքն արտահայտում է մեկ բառով՝ իբրև հանդիմանություն, զարմանք, զզվանք, հիացմունք և այլն: Որպես բնագրային օրինակ բերենք հետևյալ երկխոսությունը «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» պիեսից.
Մինաս. Մարգուշա, բարև:
Մարգո. (տպելով): Անտաշ:
Մինաս (կանգ է առնում): Ի՞նչ:
Մարգո. Կոպիտ:
Մինաս. (զարմացած): Չհասկացա:
Մարգո. Բռի (ՀՀՆԾ, էջ 198):
Այսպիսով, Ա. Պապայանը իր պիեսներում կիրառել է տարբեր բնույթի կոչականներ, որոնք ունեն ոճական մեծ արժեք և տարբեր տիպի հնչերանգներ: